Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները։
Հանդիպումը կայացել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղության և կայունության հաստատման ջանքերին։
Հունվարի 9-ին Փաշինյանն Ադրբեջանին ուղղված 12 առաջարկ էր հրապարակել, որոնց թվում էին ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելը, փոխադարձաբար էսկալացնող խոսույթներից և պահանջներից հրաժարվելը։ 2024 թվականի դեկտեմբերի 19-ին նա «կառուցողական» էր անվանել Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Բաքվի պահանջի վերաբերյալ։
Փաշինյանը փետրվարի 13-16-ն աշխատանքային այցով գտնվում է Մյունխենում։ Նա մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը և երկկողմ մի շարք հանդիպումներ ունեցել արտերկրի գործընկերների հետ: