Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի նախագծին հավանություն տալու Հայաստանի խորհրդարանի որոշումը։
Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունն անտեսում է այն իրողությունը, որ երկրի անդամակցությունը ԵԱՏՄ-ին անհամատեղելի է ԵՄ-ին անդամակցելու հետ։
«Խնդիրը քաղաքական նախապատվությունները չեն, այլ այն, որ Եվրամիության և ԵԱՏՄ-ի գործունեությունը կարգավորող շրջանակներն ու սակագնային համակարգերն անհամատեղելի են։ Այդ տարբերությունները հիմնարար են և միմյանց բացառող»,- նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ եթե Հայաստանի իշխանություններն այդքան ոգեշնչված են արևմտյան փորձով, ապա պետք է ոչ միայն հանրությանը մանրամասն բացատրեն իրենց քայլերի հնարավոր հետևանքները, այլև օրինակներ բերեն այլ երկրների, որոնք բախվել են նմանատիպ գործընթացների։ Սա կօգնի ավելի ամբողջական պատկեր ներկայացնել և խուսափել թյուրիմացություններից, կարծում է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
«Հայաստանն ինքնիշխան ընտրություն է կատարում, և Ռուսաստանը հարգում է դա։ Սակայն Հայաստանի իշխանություններն են, ոչ թե Ռուսաստանը կամ ԵԱՏՄ-ն, որ կրում են առաջնային պատասխանատվություն՝ իրենց ժողովրդին մանրամասն բացատրելու կայացված որոշումների բոլոր հետևանքները»,- ընդգծել է Զախարովան։
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ առաջին քննարկումներն սկսվել էին, երբ 2024 թվականի մարտի 13-ին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու առաջարկին: 2024 թվականի հուլիսի 1-ին «Հայկական ժողովրդավարության ֆորումի» ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ նպատակային էր անվանել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը։
2024 թվականի հունիսի 21-ին Հայաստանի խորհրդարանը լսումներ էր անցկացրել ԵՄ անդամակցության հայտի հանրաքվեի վերաբերյալ՝ հետևելով «Ժողովրդավարական ուժերի հարթակ» նախաձեռնող խմբի առաջարկին, որն անցած տարվա հոկտեմբերի վերջին հայտարարել էր, որ հանրաքվեի համար անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն հավաքվել է 60 հազար ստորագրություն։