Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, հայտնել են կառավարությունից։
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորություններին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցերի, հավելել են կառավարությունից։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ բազմակողմ կապերի ընդլայնումն ու զարգացումը` տարբեր ոլորտներում կարողությունները զարգացնելու նպատակով:
Կոշտան ողջունել է ՀՀ կառավարության քայլերը` ժողովրդավարության ամրապնդման և ինստիտուցիոնալ բարեփոխումների կյանքի կոչմանը միտված: Միաժամանակ, ԵԽ նախագահը հայտնել է ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերությունն ամրապնդելու և համագործակցությունը բոլոր ոլորտներում խորացնելու ԵՄ հանձնառությունը:
Փաշինյանը փետրվարի 13-16-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն։ Նա կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը և երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: