Ինչպե՞ս են ՊԲ զինծառայողները պաշտոն զբաղեցնում ՀՀ ԶՈւ-ում, եթե չեն պաշտպանել Արցախը, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա պարզաբանել է, որ ներկայում Արցախի ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը ԶՈւ ԳՇ պետի խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում և նրա լռությունը, հատկապես պաշտոնն ստանձնելուց հետո տեղի ունեցած իրադարձություններից հետո (ԱԺ նախագահի և Արցախի նախագահի միջև տեղի ունեցած հեռակա բանավեճ- խմբ․), իր համար բավական մտահոգիչ է։
«Եթե իրականում ՊԲ-ն մարտ վարած չլիներ, մարտական խնդիր կատարած չլիներ, ապա տարօրինակ է չէ՞ դիտվում, որ ՊԲ մեծ թվով ներկայացուցիչներ այս պահին էլ ծառայություն են շարունակում ՊՆ-ում կամ ԶՈւ ԳՇ-ում»,- նկատել է պատգամավորը։
Ըստ նրա՝ եթե այդ մարդիկ կռիվ չեն վարել, մարտական խնդիր չեն լուծել, քրեորեն պատժելի որևէ գործողություն են արել, ապա ինչպե՞ս են այսօր բարձր պաշտոններ զբաղեցնում ԶՈւ ղեկավար կազմում։
«ՊԲ հրամկազմի մի շարք ներկայացուցիչներ վարչության պետերի, նրանց տեղակալների պաշտոններ են զբաղեցնում։ Այս տեսանկյունից ինձ համար խնդրահարույց է ԳՇ-ի և նրա պետի լռությունը։ Նրանք հանդուրժում են ՊԲ նկատմամբ անարգանքը, որ այս օրերին անընդհատ թափվում է ՊԲ գլխին»,- շեշտել է Աբրահամյանը։
Նա զինծառայողներին հորդորել է հրապարակային հիմնավորումներ տալ, արձագանքել և իրավիճակը ներկայացնել։
«Ես որևէ մեկին որևէ ձևով հանգիստ չեմ տա, որպեսզի ՊԲ մարտական ուղին, անցած ճանապարհը, մեր նահատակների սխրանքները գցի ջուրը։ Այլ բան է, որ դա անում են քաղաքական իշխանությունները, մեկ այլ բան է, որ իրենց լռությամբ այս ամենին օժանդակում են ՊԲ բարձր օղակներում պաշտոններ զբաղեցնողները»,- զգուշացրել է պատգամավորը։
Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե ե՞րբ կարող է վերադառնալ Արցախ, ասել էր, որ հարկավոր էր մնալ ու կռվել Արցախի համար մինչև վերջ, պայքարել այն զենքերով, որոնք Հայաստանը թողել և տվել էր։ Փետրվարի 12-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, որ արցախցիներն ամեն ինչ արել են իրենց հայրենիքում մնալու համար։ Սիմոնյանն արձագանքել էր Շահրամանյանի հայտարարությանը, որտեղ վերջինս իրեն հորդորել էր ներողություն խնդրել արցախցիներից։