Արտակարգ դրության ժամանակ ընտրություններ անցկացնելու սահմանադրական անհնարինությունից ելնելով՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱԺ լիազորությունները երկարաձգելու մասին հրամանագիր է ստորագրել, գրել է «Հրապարակ»-ը։
«Իհարկե, սա չի նշանակում, որ Արցախի խորհրդարանն ակտիվ աշխատելու է, բայց իրավական հիմքերը պահելով՝ քաղաքական խնդիր են լուծում, որ Արցախի հարցը չփակվի, և աշխարհաքաղաքական նպաստավոր զարգացումների դեպքում կարող են իրենց մանդատները գործի դնել»,- նշել է թերթը։
Արցախի խորհրդարանի լիազորություններն ավարտվում են 2025 թվականի մայիսին։ Ըստ օրենքի՝ պետք է կա՛մ նոր ընտրություններ անցկացվեն, կա՛մ ԱԺ-ն լուծարվի։
Թերթը հիշեցրել է, որ դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջն էր և նշել է, որ ՀՀ իշխանությունը կողմ է դրան՝ համարելով, որ «Արցախի պետական ինստիտուտներն սպառնալիք են ՀՀ անվտանգությանը»։
2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, որից 25-ը՝ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 5 անչափահաս։ Մարտերի ընթացքում վիրավորվել է 244 մարդ, որոնցից մոտ 80-ը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ 10 անչափահաս։ 20 մարդ անհետ կորել է, որոնցից 5-ը խաղաղ բնակիչներ են։ Այս իրադարձություններից հետո ավելի քան 100 հազար հայեր ստիպված Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել էին Հայաստան։
Կարդացեք նաև՝ «Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն։