Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կմասնակցի մարտի 30-ին կայանալիք Գյումրիի քաղաքապետի արտահերթ ընտրություններին, խորհրդարանում այդ մասին նա հայտնել է լրագրողներին։
«Առաջադրելու եմ իմ թեկնածությունը։ Մոտ օրերս կհայտարարեմ, թե ինչ ձևաչափով եմ մասնակցելու»,- ասել է Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր կուսակցությունով է առաջադրվելու։
Նա նշել է, որ բացառում է իշխանության հետ համագործակցությունը։
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հոկտեմբերի 28-ին հրաժարական էր տվել։ Միաժամանակ՝ հրաժարական էին տվել նաև «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները։
Նոյեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուին որոշելու համար նախնական ընտրություն անցկացնելու մասին։ Դեկտեմբերի 13-ին Փաշինյանը Սարիկ Մինասյանին Գյումրիի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակել։
Փետրվարի 11-ին պրոդյուսեր, ռեժիսոր, «Արմենիա» հեռուստաընկերության նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը հայտնել էր Գյումրիի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու որոշման մասին։