Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը, բայց նաև ողջունում է կողմերի ինքնուրույն քայլերը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարության։
Այսօր ավելի վաղ Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանի մասնակցությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը «հավանական չէ» անցյալի փորձի «վատ հիշողությունների» պատճառով։
«Քիչ հավանական եմ համարում, բայց մենք յուրաքանչյուր առաջարկ քննարկում ենք և պատրաստ ենք քննարկել։ Անցյալի փորձը շատ վատ հիշողություն է թողել։ Վերջիվերջո, կան չլուծված, մինչ օրս պատասխան չստացած հարցեր. օրինակ՝ Հայաստան ներխուժած ադրբեջանական զորքերի հետ կապված Ռուսաստանի դիրքորոշումը թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ Հայաստան-Ռուսաստան միջպետական պայմանագրի շրջանակներում»,- ասել էր Սիմոնյանը։
Կրեմլի խոսնակն ընդգծել է՝ Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ հարավկովկասյան տարածաշրջանը մնա կանխատեսելի, խաղաղ, և այն իսկապես դառնա բարգավաճման և համագործակցության տարածք:
«Մենք տարբեր մակարդակներով հայտարարություններ ենք լսել Երևանից, որ, ըստ էության, միջնորդների կարիք չկա: Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն արդեն ի վիճակի են շարունակել բանակցությունները մինչև այս գործընթացի ավարտը։ Մենք կողջունենք նրանց անկախ ջանքերը»,- նշել է Պեսկովը:
Հունվարի 28-ին «Ժողովուրդ»-ը, վկայակոչելով մերձբալթյան երկրներից մեկի խորհրդարանական ներկայացուցչին, տեղեկացրել էր, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակը հունվարի 23-ի հանդիպման ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ռուսաստանին և հույս հայտնել, որ երկիրը պարտություն կկրի։ Ըստ թերթի՝ Սիմոնյանը հայտարարել էր, որ «Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա, որպեսզի Հայաստանն ու Բալթյան երկրները երջանիկ լինեն»։
Հունվարի 29-ին Սիմոնյանը հայտարարել էր հայաստանյան երկու լրատվամիջոցի դեմ դատական հայց ներկայացնելու որոշման մասին՝ իրեն վերագրվող «հակառուսական հայտարարությունների» վերաբերյալ հրապարակումների պատճառով։ Առաջին հայցը, ըստ խորհրդարանի նախագահի, ուղղված կլինի «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, երկրորդ հայցը՝ «Մեդիահաբ» լրատվականի։
Հունվարի 21-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան մասնակցում է հարաբերությունների կարգավորմանը «հենց այնքանով, որքանով այդ մասնակցությունը պահանջում են Երևանն ու Բաքուն՝ ոչ ավել, ոչ պակաս»։