ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, սահմանազատման ուղղությամբ, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը և վերահաստատել Ֆրանսիայի աջակցությունը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման և կայունության ապահովման։
Փաշինյանն ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարների և գերատեսչությունների միջև տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, պահպանվում են կանոնավոր շփումներ, և Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունները հասել են նոր մակարդակի։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման մի շարք հարցեր, այդ թվում՝ տնտեսության, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում։
Փաշինյանը փետրվարի 10-11-ը մեկնել էր Ֆրանսիա՝ մասնակցելու Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին։
2024 թվականի հուլիսի 19-ին Մակրոնը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում մեկնաբանել էր Փարիզի կողմից Հայաստանին զենք մատակարարելը և նորմալ համարել Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը ռազմական ոլորտում։ Նոյեմբերի 7-ին Մակրոնն ու Փաշինյանը քննարկել էին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։