Հայաստանի իշխանությունները բոլոր հնարավոր խողովակներով փորձել են հանդիպում կազմակերպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն չի ստացվել, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ թեև հունվարի 31-ին կայացած ասուլիսում վարչապետը հայտարարեց, որ ԱՄՆ այցի ժամանակ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ, սակայն հայկական կողմը ԱԳՆ-ի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը նաև ազդեցիկ հայազգի հանրապետականների միջոցով փորձել է կազմակերպել հանդիպումը:
Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանը փորձել է փաստի առաջ կանգնեցնել ամերիկացիներին և մեկնել Վաշինգտոն՝ օգտագործելով կրոնական համաժողովի առիթը և Ազգային աղոթքի նախաճաշ կոչվող միջոցառումը, բայց «սցենարը չի աշխատել»: «Համայնքում տարակուսած են նրա «աղոթելու» ձգտման հետ կապված, բոլորն էլ գիտեն նրա վերաբերմունքը կրոնի և եկեղեցու հանդեպ»,- պարզաբանել է թերթը:
Լրատվականը տեղեկացրել է, որ փետրվարի 3-ին նախատեսվում է հանդիպում հայ համայնքի հետ դեսպանատանը, որին մասնակցության հրավերներ են ուղարկվել Վաշինգտոնում և շրջակա տարածքում բնակվող հայերին, սակայն շատերը հրաժարվել են մասնակցել, մտադիր են բողոքի ակցիաներ կազմակերպել: