Նախնական տվյալներով՝ Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի նախագահական ընտրություններում հաղթել է ձայների 86,82%-ով, հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն՝ ներկայացնելով ընտրությունների նախնական արդյունքները։
ՏԱՍՍ-ը նշել է, որ 2020 թվականի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն հավաքել էր ձայների 80,10%-ը։
Բելառուսի «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցության նախագահի տեղակալ Օլեգ Գայդուկևիչն ստացել է ձայների 2,02%-ը, գործարար Աննա Կանոպացկայան՝ 1,86%-ը, Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը՝ 3,21%-ը, «Աշխատանքի և արդարության հանրապետական» կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակը՝ 1,74%-ը։
Կարպենկոն տեղեկացրել է, որ բոլորին դեմ է քվեարկել ընտրողների 3,6%-ը։ Նախագահական ընտրությունների վերջնական տվյալները կհրապարակվեն փետրվարի 3-ին:
Հունվարի 26-ին Բելառուսի երիտասարդական կազմակերպությունների կոմիտեն հայտնել էր, որ Լուկաշենկոն հաղթում է 86,7%-ով։
Բելառուսի ԿԸՀ-ն դեկտեմբերի 23-ին կայացած նիստում պետության գործող ղեկավարին գրանցել էր որպես երկրի նախագահի թեկնածու: Լուկաշենկոյին աջակցելու համար նախաձեռնող խումբը հավաքել է ընտրողների 2 մլն 518 հազար 145 ստորագրություն: ԿԸՀ-ն ավելի վաղ նախագահի թեկնածուների գրանցման համար փաստաթղթեր էր ստացել հինգ թեկնածուից։ Դիմումներ էին ներկայացրել նաև Գայդուկևիչը, Խիժնյակը և Կանոպացկայան: