«Քաղաքացիական պայմանագիրը» շարունակում է հատուկ վերաբերմունք ցուցաբերել կուսակցությունից հեռացած պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով ՔՊ-ում իր աղբյուրին։
Ըստ թերթի տեղեկությունների՝ «Աղազարյանի դեմ արշավանքները չեն դադարել, նույնիսկ նոր ձև են ստացել»: Թերթը նշել է, որ գործընթացն անձամբ համակարգում է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Հովհաննիսյանն անձամբ զգուշացնում է խորհրդարանում նախագծերը զեկուցող կառավարության ներկայացուցիչներին` որևէ կերպ չարձագանքել այդ նախագծերի քննարկումների ժամանակ Աղազարյանի և պատգամավոր Հակոբ Ասլանյանի դիտարկումներին, եթե ուղիղ հարց չեն հնչեցնում՝ իրենց ուղղված, իսկ ուղիղ հարցադրումներին հնարավոր լակոնիկ պատասխաններ տալ»,- նշել է թերթը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել հոկտեմբերի 15-ին՝ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո: Դեկտեմբերի 2-ին Աղազարյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը մերժելու մասին։ Դեկտեմբերի 3-ին ՔՊ վարչության նիստում որոշում էր կայացվել Աղազարյանին հեռացնել կուսակցությունից, իսկ դեկտեմբերի 4-ին նա հայտարարել էր ՔՊ խմբակցությունից դուրս գալու մասին։
Հակակոռուպցիոն կոմիտեն առգրավել էր պատգամավորի հեռախոսը քրեական վարույթի շրջանակներում, որով անցնում էր որպես վկա։ Փաշինյանը հայտարարել էր, որ «Աղազարյանի հեռախոսը վերցնելուց հետո բացահայտել են պետական անվտանգության սպառնալիքներ պարունակող տեղեկություններ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ»։
Դեկտեմբերի 9-ին դատախազությունն Աղազարյանի կողմից արտահոսքեր կազմակերպելու հրապարակումն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե։ Դեկտեմբերի 10-ին Աղազարյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով պարզաբանել, թե ինչպե՞ս են իր անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։