Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Գազայում հրադադարի համաձայնագիրը։ ՀՀ ԱԳՆ-ն համաձայնագրի կնքման հարցում բարձր է գնահատել միջազգային հանրության, ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջնորդական ջանքերը։
«Համաձայնագիրը, որը պետք է ապահովի երկու կողմերի պատանդների և գերիների ազատումը, կարևոր նշանակություն կունենա Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների անվտանգության երաշխավորման և համապարփակ խաղաղության ճանապարհ հարթելու համար»,- ասված է ԱԳՆ-ի գրառման մեջ։
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելը հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով երկրում զոհվել է մոտ 1200 մարդ, իսկ ավելի քան 240-ը պատանդ են մնացել։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2025 թվականի հունվարի 15-ի դրությամբ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել էր 46 707-ի, վիրավորվել էր 110 265 մարդ։
Հունվարի 15-ին Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը Գազայի հատվածում պատերազմի ավարտի մասին փուլային համաձայնություն էին ձեռք բերել։ Համաձայնագիրը նախատեսում է վեցշաբաթյա նախնական զինադադար և ներառում է իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերում Գազայի հատվածից և իսրայելցի պատանդների ազատ արձակում՝ Իսրայելի կողմից պահվող պաղեստինցի գերիների դիմաց։ Երկրորդ փուլը կներառի մնացած պատանդների ազատ արձակումը, մշտական զինադադարի ձեռքբերումը և Իսրայելի զորքերի ամբողջական դուրսբերումը Գազայից: 3-րդ փուլում կվերադարձվեն մահացածների մարմինները և կսկսվի Գազայի հատվածի վերակառուցումը Եգիպտոսի, Կատարի և ՄԱԿ-ի հսկողության ներքո: