ՔՊ-ն դեկտեմբերի 8-10-ը Գյումրիում անցկացված փրայմըրիզից (նախնական ընտրություն-խմբ․) հետո սկսել է մարտի 30-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրությունների համար ձայներ հավաքելու գործընթացը, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին ասել է, որ Գյումրիում հաղթելը «կենաց-մահու խնդիր է, ու յուրաքանչյուր ոք պետք է իր ներդրումն ունենա հաղթանակի գործում»:
Ըստ թերթի՝ խմբակցության պատգամավորները և տեղի ակտիվը պարբերաբար հանդիպումներ են ունենում գյումրեցիների հետ, նրանց խնդիրներով հետաքրքրվում ու փորձում սիրաշահել՝ «ձայն կորզելու նպատակով»։
ՔՊ ներկայացուցիչների կարծիքով , ըստ թերթի, Գյումրիում կուսակցության վարկանիշը ցածր է, որի նախնական ընտրություններում անկուսակցական, ՔՊ-ի հետ կապ չունեցող Սարիկ Մինասյանի հաղթանակն էր։
Լրատվականի տեղեկություններով՝ «ՔՊ-ն հույսը դրել է» Մինասյանի վրա, որը վերջերս ՔՊ-ին անդամակցելու դիմում է գրել և համայնքապետի ընտրությունների ժամանակ գլխավորելու է ցուցակը»:
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հոկտեմբերի 28-ին հրաժարական էր տվել։ Միաժամանակ՝ հրաժարական էին տվել նաև «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները։
Հոկտեմբերի 24-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատությանը» հայտնել էր, որ իշխանությունը Գյումրիում պատրաստվում է արտահերթ ընտրությունների, և թեկնածուի հարցը հստակեցրել են։ Հոկտեբերի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածուն Սարուխանյանն է։
Նոյեմբերի 8-ին Գյումրիի ավագանու՝ քաղաքապետի ընտրության նիստը քվորում չլինելու պատճառով տապալվել էր։
«Հրապարակ» թերթը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-ի ՔՊ վարչության նիստի ժամանակ թեստ հանձնելու հանձնարարական էր տվել Սարուխանյանին։ Նոյեմբերի 20-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Սարուխանյանի՝ թմրանյութերի թեստը դրական արդյունք էր ցույց տվել։
Նոյեմբերի 22-ին Սարուխանյանը Facebook-ում թեստի արդյունքի լուսանկար էր հրապարակել և նշել, որ 20 նյութի վերաբերյալ տվյալներից 19-ն իր մոտ բացակայում է, իսկ 1-ը` բարբիտուրատները, առկա են։
Նոյեմբերի 26-ին Փաշինյանը հայտարարել էր Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուին որոշելու համար նախնական ընտրություն անցկացնելու մասին։
Դեկտեմբերի 1-ին Սարուխանյանն ինքնաառաջադրվել էր որպես Գյումրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու։ Դեկտեմբերի 13-ին Փաշինյանը Մինասյանին Գյումրիի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակել։