Ադրբեջանը երրորդ երկրների միջոցով Հնդկաստանից զենք գնելու ցանկություն է հայտնել, սակայն Նյու Դելին հայտարարել է, որ ինքնուրույն է որոշում իր առաջնահերթությունները և թույլ չի տա նման միջնորդություն, գրել է ThePrint-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Թերթը չի հստակեցրել, թե որ երկրի մասին է խոսքը։ Ըստ տեղեկության՝ Բաքուն երբեք այս հարցն ուղղակիորեն չի բարձրացրել Հնդկաստանի իշխանությունների հետ։ Փոխարենը՝ երրորդ երկիր դիմել է Հնդկաստանին՝ առաջարկելով արտահանել իր զենքը և երկարաժամկետ գործընկերություն հաստատել Ադրբեջանի հետ։
Բաքուն պատրաստակամություն է հայտնել պայմաններ առաջարկել պայմաններ, որոնք համեմատելի են այն պայմանագրին, որի հիման վրա Հնդկաստանը զենք է մատակարարում Հայաստանին։
Այդկերպ Ադրբեջանի իշխանությունները փորձում են տարածաշրջանում «ուժերի հավասարակշռություն» հաստատել, հավելել է ThePrint-ը։
Հնդկաստանի պաշտպանության հետազոտական թևը (IDRW) հուլիսին հայտնել էր, որ Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենքի խոշորագույն ներկրողը։ Հնդկաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2024-25 ֆինանսական տարվա սկզբի դրությամբ Հնդկաստանից Հայաստանի զենքի ներմուծման ընդհանուր ծավալը հասել է 600 մլն դոլարի։
2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը Հնդկաստանի հետ կնքել էր 244 միլիոն դոլարի զենքի գնման պայմանագիր։ 2023 թվականի օգոստոսին Հնդկաստանը Հայաստանին մատակարարել էր 155 մմ տրամաչափի հրետանային առաջին վեց համակարգերը, որոնց փորձարկումն ավարտվել է 2024 թվականի հոկտեմբերին։ Նոյեմբերի 12-ին The New Indian Express-ը հայտնել էր, որ Հայաստան էր ուղարկվել «Ակաշ» հակաօդային պաշտպանության համակարգի առաջին մարտկոցը։