«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող վերջին նիստերից մեկի ժամանակ պատգամավորներ Արփի Դավոյանը և Անդրանիկ Քոչարյանը կուսակիցներին մեղադրել են կոռուպցիայի մեջ, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ նրանք նշել են Սյունիքի մարզի նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանին, որը 2022 թվականից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» խորհրդի անդամ է, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին։
Թերթը հայտնել է, որ պատգամավորների պնդմամբ՝ թիմը «թաթախված է կոռուպցիայի մեջ, որ «նախկիններից» ավելի վատ բարքեր են հաստատվել ՔՊ-ում»:
«Քոչարյանը հերթով հիշեցրել է ԶԼՄ-ների հրապարակումներն Ավինյանի վերաբերյալ, Դավոյանն էլ ասել է, որ քաղաքապետը նախկին կաշառակերներին հերթով պաշտոնների է նշանակում, եթե կոռուպցիոն հակումներ չունի, ապա ինչո՞ւ է դա անում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ բարկացել է ու ասել, որ հատ-հատ գնալու է բոլոր ահազանգերի հետևից, իսկ այն ՔՊ ներկայացուցիչները, որոնց վերաբերյալ տեղեկությունները կհաստատվեն, ոչ միայն հեռացվելու են թիմից, այլ օրենքով պատժվելու են»,- գրել է թերթը։
Լրատվականի տեղեկություններով՝ Դավոյանը նախաձեռնող նիստում իր ելույթից հետո Ավինյանից սպառնալից մեսիջներ է ստացել՝ «ոչնչացնելու եմ քեզ․․․» բովանդակությամբ։