Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը հայտարարել է իր ընտանիքին պատկանող մի շարք բիզնեսների մասով իրավապահների կողմից քրեական վարույթներ նախաձեռնելու մասին։ Նա «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում այդպես է մեկնաբանել լուրերը, ըստ որոնց իշխանությունները փորձում են իր ընտանիքին պատկանող բիզնեսների գործունեությունը խոչընդոտել։
«Օգոստոսից սկսած՝ մի շարք քրեական վարույթներ են նախաձեռնվել իմ ընտանիքին պատկանող բիզնեսների մասով։ Վարույթը նախաձեռնվել էր «Կապանի նորոգշին» ՍՊԸ-ի նկատմամբ, եթե չեմ սխալվում՝ ապօրինի ընդերքօգտագործման հոդվածով, ինչի հետևանքով ՍՊԸ-ի քարի ջարդման արտադրամասի գործունեությունը կասեցվել էր, քանի որ կապարակնքվել են նույնիսկ սարքավորումները, այսինքն` «դռոբիլկաները»: Սեպտեմբերից սկսած մինչ օրս նույն վիճակն է: Երկրորդ քրեական վարույթը, որ նախաձեռնվել է օգոստոս ամսին, «Գրիգ բիզնես» ՍՊԸ-ի հետ է կապված։ Դա նույնպես իմ ընտանիքին պատկանող կազմակերպություններից է»,- ասել է Փարսյանը։
Նա հավելել է, որ ««Գրիգ բիզնես» ՍՊԸ-ի հետ կապված մոտ երկու շաբաթ առաջ տեղի են ունեցել խուզարկություններ, առգրավումներ, կապարակնքվել է բենզալցակայանը»։
«Ներկա դրությամբ՝ իմ ընտանիքին պատկանող գազալցակայանի գործունեությունը ևս փաստացի կասեցված է»,- շեշտել է համայնքապետը։
Փարսյանն իրավապահների գործողությունները կապել է իր քաղաքական գործունեության հետ՝ չբացառելով, որ ամեն ինչ արվում է 2026 թվականի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ։
«Չեմ կարծում, որ սա կապ ունի բիզնես գործունեության հետ, որովհետև «Նորոգշինն» այն եզակի կազմակերպություններից է, որը վաղուց ունի ընդերքօգտագործման թույլտվություն: «Նորոգշինն» արդեն մեկ տասնյակ տարուց ավելի հանդիսանում է խոշոր հարկ վճարող` շինարարության ոլորտում: Նույնը վերաբերում է «Գրիգ բիզնես» ՍՊԸ-ին։ Կապանում ՏԻՄ ընտրությունները տեղի են ունենալու 2026 թվականին՝ խորհրդարանական ընտրություններից հետո: Հնարավոր է՝ գործընթացներ լինեն, որովհետև, ինչպես նկատում ենք, երկրում պրոցեսներ են տեղի ունենում՝ Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ: ՏԻՄ ընտրությունների հետ կապված Կապանում նման պրոցեսներ չեմ բացառում»,- նշել է Փարսյանը։
«Հրապարակ» օրաթերթը հոկտեմբերին գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ծրագրում է առաջիկա ընտրություններում Կապանի քաղաքապետ դարձնել իշխանությանը մոտ կանգնած գործարար Էդգար Հակոբյանին։
Սեպտեմբերի 24-ին ԶԼՄ-ն տեղեկացրել էր, որ իրավապահները Կապանի քաղաքապետարանից առգրավել էին քաղաքապետարանի և քաղաքապետի հոր՝ «Նորոգշինի» ընկերության սուբվենցիաների հետ կապված ֆինանսական փաստաթղթերը։ Ուժայինների գործողությունները թերթը բացատրել էր Սյունիքում «ջերմ ընդունելությամբ», որը Փարսյանը մի քանի ամիս առաջ ցուցաբերել էր ընդդիմության առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։