ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ վերջին զարգացումները և հայկական կողմի դիրքորոշումները, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Ողջունելով Լեհաստանի նախագահի այցը՝ Փաշինյանն այն կարևոր է համարել Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման առումով։
Նշվում է, որ կողմերը կարևորել են Հայաստանի և Լեհաստանի քաղաքական, տնտեսական, զբոսաշրջության, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը: Նրանք ընդգծել են նաև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
«Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը վերաբերող հարցերի: Լեհաստանի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը ԵՄ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու և Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ինչպես նաև ողջունել ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այսօր ավելի վաղ Դուդան Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Երևանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Լեհաստանը բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանին եվրոպական ընտանիքին միանալուն ավելի մոտեցնելու համար։
Նոյեմբերի 25-ին Լեհաստանի նախագահը կնոջ՝ Ագատա Կորնհաուզեր-Դուդայի հետ ժամանել էր Հայաստան։ Այցի շրջանակներում նրա ղեկավարած պատվիրակությունը նոյեմբերի 27-ին կայցելի Երասխ համայնք՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։