ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսել է Ժնևում իր և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը չեղարկելու պատճառների մասին, անդրադարձել Հայաստանի կողմից հնարավոր զիջումներին։
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը Սիմոնյանը հայտնել է, որ ադրբեջանական կողմը բանակցությունների չեղարկումը բացատրել է իր «որոշ հայտարարություններով», ինչպես նաև հոկտեմբերի սկզբին ընդունված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հայտարարությամբ:
Ըստ Սիմոնյանի՝ հանդիպումը չեղարկելու պատճառն իր՝ «պատմական հայրենիքի փնտրտուքի վերաբերյալ հայտարարությունն է», թեպետ ադրբեջանական կողմը չի հստակեցրել, թե ՀՀ ԱԺ խոսնակի որ հայտարարության պատճառով են որոշել չհանդիպել։
Մեկնաբանելով Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում ստեղծված իրավիճակը և հայկական կողմից նոր զիջումների հնարավորությունը՝ ՀՀ ԱԺ նախագահը հայտարարել է, որ «Հայաստանն այլևս զիջելու տեղ չունի»։
Սիմոնյանը նաև տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը խորհրդարան կմտնի հաջորդ շաբաթ: Նրա խոսքով՝ փաստաթուղթը համապատասխանում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի չափանիշներին և տրամաբանությանը:
Հոկտեմբերի 10-ին ԱԺ-ից հայտարարել էին, որ հոկտեմբերի 21-ին ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կքննարկի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել էր նախապես ձեռքբերված պայմանավորվածությունից և չեղարկել Սիմոնյան-Գաֆարովա հանդիպումը։
Հուլիսի 8-ին Հարությունյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Սիմոնյանը հոկտեմբերին Ժնևում կհանդիպի Գաֆարովայի հետ։