Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը մեկնաբանել է Ադրբեջանի իշխանությունների կողմից նոր պահանջների ներկայացումը։ Նա նշել է, որ վերջին 10 օրվա ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առնվազն երկու նոր պահանջ է հնչեցրել, որոնց բավարարումը «պարտադիր է խաղաղության պայմանագիր կնքելու համար»։
«Առաջինն, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» ճանաչումն է, մյուսը՝ ՀՀ սահմանադրության փոփոխությունը։ Այս պահանջների կատարման հետևանքները ոչ միայն իրավական դաշտում են լինելու, այլ ունենալու են ուղղակի աղետալի ազդեցություն մեր բոլորի կյանքի վրա։ Բոլորի»,- ընդգծել է Գեղամյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են Հայաստանին՝ «խաղաղության պայմանագրի» խայծի դիմաց։
Թուրքագետն ընդգծել է, որ պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ ու աղետալի։
«Այս ամենը կարելի է կանգնեցնել ու փոխել ընթացքը։ Այս պահին միակ ձևը հունիսի 9-ի մեծ հանրահավաքն է»,- հավելել է նա։
Հունիսի 6-ին Ադրբեջանի ղեկավարն անդրադարձել էր Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ անհնար է խաղաղության պայմանագիր կնքել, եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի։ Հունիսի 7-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատել էր որպես կոպիտ միջամտություն ՀՀ-ի ներքին գործերին։