Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի եկեղեցական և վարչական ծառայությունը դադարեցված է,
հայտնում են Մայր Աթոռից։
Միևնույն ժամանակ տեղեկացրել են, որ նրա եպիսկոպոսական կարգը պահպանվում է։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը
հանրահավաք էր անցկացրել, որի ընթացքում
հայտարարել էին, որ իրենց վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Վերջինս հայտարարել էր, որ Վեհափառ Հայրապետին
խնդրել է սառեցնել իր՝ 30-ամյա հոգևոր ծառայությունը։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին
սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին
հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր
սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին
հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Մայիսի 13-16-ն անհնազանդության ակցիաներ էին իրականացվել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին
ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն
հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։