Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 28-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից կալանավորված Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ռուսլան Պենախովի Բաքու տեղափոխումն «ապագայի ներդրում» է անվանել։ Այսպես է նա մեկնաբանել Պենախովին տեղափոխելու պատճառների մասին Armenia Today-ի հարցին, թե ինչու նրան Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հետ փոխանակելու պահանջ չի ներկայացվել։
Փաշինյանը հիշեցրել է մոլորված ռազմագերիներին վերադարձնելու Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը, որը խախտվել է 2018 թվականին։ Նա չի պարզաբանել, թե որ կողմն է խախտել պայմանավորվածությունը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև վաղուց եղել է պայմանավորվածություն, որ այն զինվորականները, ովքեր մոլորվել են և հայտնվել հակառակ կողմում՝ պետք է կարճ ժամանակում վերադարձվեն»,- ասել է վարչապետը։
Այս պայմանավորվածությունն, ըստ Փաշինյանի, դադարել է գործել 2018 թվականից, երբ եղել են տարաձայնություններ այն հարցի ընկալման մեջ, թե զինվորականը կամ անձն իրականում մոլորվե՞լ, թե՞ միտումնավոր է հատել սահմանը։
Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին քննարկումների ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերադարձնել այն զինվորականներին, ովքեր իսկապես մոլորվել են և հակառակ կողմում անօրինական գործողություններ չեն կատարել։
«Եթե մեղադրելու հիմք չկա, պետք է գործի այդ պայմանավորվածությունը, որը կա և դա արվում է որպես ներդրում, որպեսզի կյանքի կոչվի ամենաբարձր մակարդակով ձեռք բերված այս պայմանավորվածությունը։ Մենք չգիտենք, թե հաջորդ զինվորը ո՞ր կողմից կլինի, բայց եթե, Աստված չանի, այդպիսի դեպք լինի, ես այդ հարցին կկարողանամ պատասխանել։ Մենք հավատարիմ ենք մնալու այդ պայմանավորվածությանը»,- ասել է ՀՀ վարչապետը։
Անձին կալանավորելու համար, նրա խոսքով, անհրաժեշտ են իրավական հիմքեր։ «Եթե նման հիմքեր չկան, Հայաստանի Հանրապետությունը չի կարող որևէ մեկին ձերբակալել կամ պատանդ պահել՝ անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացի է»,- եզրափակել է Փաշինյանը։
Փետրվարի 28-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՊՆ զինծառայողները վնասազերծել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածից հայ-ադրբեջանական շփման գիծը հատած ադրբեջանական ԶՈւ զինծառայողի։ Փետրվարի 29-ին Քննչական կոմիտեն հայտնել էր ադրբեջանցի զինծառայողի ձերբակալության մասին ու հայտարարել, որ նա դիվերսիայի փորձ է արել, իսկ մարտի 4-ին հայտնել, որ Ադրբեջանի զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։ Նույն օրը ԱԱԾ-ն հայտնել էր, որ «որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության»՝ որոշում են կայացրել վերադարձնել նրան Ադրբեջանին։