Փարիզը մտադիր է արբանյակային տվյալներ փոխանցել Երևանին՝ Հայաստանի սահմանների ողջ պարագծով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ, հայտնում է Armtimes.com-ը։
Ֆրանսիայի Միացյալ արտաքին քաղաքականության և ռազմական հետախուզության ծառայության և Հայաստանի անվտանգության ծառայության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետախուզական տվյալների փոխանակման վերաբերյալ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա կատարած վերջին այցի ընթացքում, հաղորդել է ֆրանսիական լրատվամիջոցը:
2023 թվականի հոկտեմբերին Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել էին ռազմական համագործակցության փաստաթղթեր և պայմանավորվել զենիթահրթիռային համակարգերի ապագա մատակարարման մասին։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ղեկավար Սեբաստիեն Լըկորնյուն գրել էր պաշտպանության ոլորտում Երևանի և Փարիզի համագործակցության երեք ուղղությունների, այդ թվում՝ Հայաստանի օդային տարածքի համատեղ աուդիտի մասին։
2023 թվականի նոյեմբերին Ֆրանսիան Հայաստանին մատակարարել էր Bastion բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկայի խմբաքանակ։ Փետրվարի 22-ին Լըկորնյուն ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստան է ուղարկվելու ռազմական խորհրդական, որը մշտապես գտնվելու է երկրում։ Նախարարը հայտարարել էր նաև Հայաստանի հետ բանակցությունների մասին՝ Երևանի կողմից Mistral հրթիռների գնման շուրջ։