Այսօր պետք է յուրաքանչյուրը գիտակցի իր քայլերը, և ճնշման, տաքության, հազալու կամ էլ գրիպային հիվանդությունների դեպքում պետք է անմիջապես մեկուսանան։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Նրա խոսքով՝ ժողովրդի առողջությունն առաջնահերթություն է, և արտակարգ դրության հայտարարումը պետք է: «Ասողին լսող էր պետք»,- ասաց Ծառուկյանը՝ ընդգծելով, որ պետք է գիտակցելով, լրջորեն մոտենալ խնդրին:
Ծառուկյանի խոսքով՝ դեռ երկու շաբաթ առաջ ինքը նշել էր, որ իշխանության մոտեցումներն իրեն դուր չեն գալիս, եթե մեր հայրենակիցները գալիս են Պարսկաստանից, պետք է իրենց 14 օր կարանտինի մեջ պահեին:
«Որոշ տհասներ սխալ մեկնաբանեցին իմ ասածը: Պետք է քայլեր ձեռնարկեին, մարդիկ պետք է գործ կատարեին: Ասողին լսող է պետք»,- նշեց նա:
Անդրադառնալով բանկային համակարգի խնդիրներին՝ Ծառուկյանը նշեց, որ պետք է բանկերի տոկոսները, վարկերը սառեցվեն երեք ամիս ժամկետով, որպեսզի համաճարակից հետո մարդիկ կարողանան աշխատել ու վճարել: «Մարդիկ պետք է միշտ նայեն՝ աշխարհում ինչ է կատարվում, ոչ թե՝ օ՜, արևը դուրս է եկել ՝ համաճարակը վերանալու է»,- ասաց Ծառուկյանը: