Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հեռտոբանությունն ու հրադադարի ռեժիմի խախտման գործելաոճը, ինչը ավելացնում է լարվածությունը տարածաշրջանում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հունիսի 20-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը կարևորել է Եվրոպական խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը և բարձր գնահատել վերջինիս կողմից Լաչինի միջանցքի անխափան գործունեության ապահովման վերաբերյալ ընդունած բանաձևը:
«Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ԵԽ պատվիրակության անդամների այցը կնպաստի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը գնահատելուն: Վարչապետը հավելել է, որ Լաչինի միջանցքի ապօրինի ագելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն էլ ավելի է սրվում, քանի որ արդեն մի քանի օր է ինչ սննդամթերքի մատակարարումները ևս արգելափակվել են։ Այս համատեքստում վարչապետը կարևորել է միջազգային փաստահավաք առաքելության մուտքը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ»,-հայտնում են ՀՀ կառավարությունից։
Նատալի Լուազոն ընդգծել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու, ինչպես նաև լարվածության ռիսկերը նվազեցնելու քայլերի անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, սահմանների դելիմիտացիայի հնարավորություններին։