Փաշինյանի այցը Էրդողանի երդմանը միջոցառման գլխավոր իրադարձություններից մեկն է եղեl, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը: Նրա խոսքով՝ թեև այցի ընթացքում որևէ պաշտոնական հանդիպում չի եղել, սակայն այն բավականին լավ է անցել:
«Պետք է ասեմ, որ վարչապետը եղել է ուշադրության կենտրոնում, թե թուրք քաղաքական գործիչների, թե միջազգային հանրության»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ որոշ գործընկերներ նեղսրտել են, որ Էրդողանն առաջին շարքին բարևելուց հետո մոտեցել և երկրորդ շարքում նստած վարչապետին առանձնահատուկ ողջունել է: Իսկ ինչ վերաբերում է անունը հնչելուն, ապա այն, ըստ Սիմոնյանի բնականաբար հնչել է:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։
«Նախագահական համալիրում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև այլ երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ կառավարությունը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել է Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
Մանրամասները՝ տեսանյութում: