Լեռնային Ղարաբաղի շուրջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի պայմանավորվածությունները իրավիճակի կարգավորման միակ իրական հիմքն են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը:
«Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի ցանկացած քայլ, որոնք կարող են հանգեցնել լարվածության թուլացման և որոնք կնպաստեն եռակողմ պայմանավորվածությունների կատարման ճանապարհին հետագա առաջընթացին», – ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ադրբեջանական և հայկական կողմերի վերջին հայտարարությունները:
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ եռակողմ պայմանավորվածությունները «այժմ կարգավորման միակ իրական, իրատեսական հիմքն են»: «Ուստի բոլոր դրույթների իրականացման ճանապարհով առաջխաղացումը համարում ենք անայլընտրանք և անհրաժեշտ բոլորի համար», – եզրափակել է նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 18-ին հայտարարել է, որ Հայաստանը լիարժեքորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի տարածք», — ասել է վարչապետը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույն օրը հայտարարել է, որ «Ղարաբաղում ապրող հայերը կամ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ բնակության այլ վայր փնտրեն»: Ալիևը նաև նշել է, որ Հայաստանը «պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է»: