Ունեմ լիարժեք վճռականություն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, բայց դա չպետք է Հայաստանի համար կապիտուլյացիայի նմանվող փաստաթուղթ լինի։ Այս մասին Բեռլինում կայացած «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ այդ պայմանագիրը պետք է մեր տարածաշրջանի համար իրական և հարատև խաղաղության փաստաթուղթ լինի, և ինքը պատրաստ է կրել այդ պատասխանատվությունը` հանուն խաղաղության, կայունության, տարածաշրջանային և միջազգային համագործակցության։
«Սա է այսօրվա մեր քննարկման իմ վերջնական եզրափակումը»,- շեշտել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գուցե Հայաստանն էլ ավելի է հետաքրքրված տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում, և դա է պատճառը, որ Ադրբեջանը փորձում է, այսպես ասած, վաճառել դա հնարավորինս թանկ գնով։
«Մենք պետք է կենտրոնանանք խաղաղության ու համագործակցության դրական հնարավորությունների վրա։ Խաղաղության օրակարգն իմ պարտականությունն է, և ես կցանկանայի ադրբեջանական հանրությունից ևս ստանալ որոշ աջակցություն»,- ասել է վարչապետը: