Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մասնավոր և կոմերցիոն երթևեկության համար։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից՝ ի պատասխան Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդաշարի հարցման՝ Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման վերաբերյալ։
«Արդարադատության միջազգային դատարանի որոշումը վերահաստատեց միջազգային հանրության ընդհանուր դիրքորոշումն առ այն, որ Լաչինի միջանցքը պետք է լիարժեք բաց լինի մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար։ Պետքարտուղար Բլինքենն այս մասին ուղղակիորեն փաստել էր նախագահ Ալիևի հետ փետրվարի 18-ին Մյունխենում կայացած հանդիպման ժամանակ»,- պատասխանել է դեսպանատունը։
Հիշեցնենք, որ Հաագայի դատարանը ժամանակավոր միջոցներ էր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի հայցի մասով՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովվի Լաչինի միջանցքի ողջ երկարությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը։ Դատարանը մերժել էր նաև Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի հայցը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: