Չի կարելի Ալիևից ավելի Ալիև լինել: Այս մասին այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ, իր խոսքն ուղղելով ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Նա նշեց, որ արդեն մի քանի օր է՝ քննադատվում է ընդդիմության կազմակերպած լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի ելույթը։
«Հիշեցնեմ, որ նույն լսումների ժամանակ ասվել է՝ Լաչինի միջանցքը փակվել է, որովհետև Պրահայի հայտարարություն է եղել: Պրահայի հայտարարությունը բացում ես, տեսնում ես ընդամենը հղում է արվել Ալմա Աթայի հռչակագրին: 90-ականներին վավերացրած հռչակագրին հղում անելը, փաստորեն, Լաչինի միջանցքը փակելու պատճառ է: Ասում են՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված բանավոր խոստում է եղել: Անգամ Ալիևն է ասում, որ նոյեմբերի 9-ին նման բան չի եղել, հետո է ինքը խոսույթ մտցրել: Ալիևից ավելի Ալիև լինելու, Ադրբեջանի ԱԳ նախարարից ավելի Ադրբեջանի ԱԳ նախարար լինելու տրամաբանությունը ոչ մեկին չի զարմացրել, չի զայրացրել: Էլ չեմ խոսում այն գերմարդկային ելույթի մասին, որն ունեցավ ընդդիմադիր արքեպիսկոպոսը՝ ասելով, որ իր ճանապարհն իրականում հայ զինվորն է փակել: Վստահաբար, եթե հետագա ինչ-որ մի դատական ատյանում ևս մեկ անգամ կքննվի մի գործ՝ կապված Լաչինի միջանցքի փակման հետ, ՀՀ ԱԺ-ում հնչեցված միտքը, միանանշանակ, ադրբեջանցի փաստաբանների ձեռքի հաղթաթղթերից մեկն է լինելու»,- ասաց Ալեքսանյանը:
Փետրվարի 3-ին խորհրդարանական լսումների ժամանակ Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, խոսելով Արցախը Հայաստանին կապող միջանցքի մասին, հայտարարել էր. «Երբ ես գնում եմ Արցախ, ինձ ռուսը, ադրբեջանցին չեն կանգնեցնում, հայ զինվորն է կանգնեցնում և ասում՝ չես կարող գնալ Արցախ։ Ուրեմն ո՞վ է փակել ճանապարհը։ Այս ամենն արվում է ՀՀ իշխանության թողտվությամբ, թույլտվությամբ և, այո՛, ես լրջագույն կասկած ունեմ, ես թաքուն համաձայնություն եմ տեսնում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև, հետո կբացահայտվի երևի․․․»։
Ընդդիմությունը, ինչպես նաև սրբազանն իշխանությանը մեղադրել են ելույթը խեղաթյուրելու մեջ:
Հիշեցնենք նաև, որ նույն լսումների ժամանակ Գուրգեն Արսենյանը հայտարարել էր. «Անընդհատ 120.000 Ղարաբաղի բնակիչ… 3 միլիոն Հայաստանի բնակիչներ, պատասխանատո՛ւ ենք մենք այդ մարդկա՛նց համար, պատասխանատու ենք մեր երկրի՛ համար, առաջնայնությունները ճի՛շտ դրեք, ճի՛շտ պատկերացրեք…»: Հետո Գուրգեն Արսենյանը հայտարարել էր. «Շարունակում եմ նաև պնդել, որ ինձ համար առաջնայինը Հայաստանի շահերի սպասարկումն է: Արցախի 120 հազար ժողովուրդը, որը շրջափակված է, մտնում է Հայաստանի պետական շահերի կոնտեքստի մեջ»:
Մանրամասները՝ տեսանյութում: