Մասնավոր «Hawker 800A» ինքնաթիռը, որը դեկտեմբերի 18-ին Երևան-Մոսկվա թռիչքից մի քանի րոպե անց տագնապի ազդանշան էր տվել, վայրէջք է կատարել Մախաչկալայում տեխնիկական անսարքության պատճառով։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
Նրա խոսքով՝ արտառոց որևէ բան տեղի չի ունեցել, պարզապես ՀՀ օդային սահմանն անցնելուց հետո, Ադրբեջանի օդային տիրույթում տեխնիկական խնդիրներ են առաջացել։
«Օդանավի հրամանատարը որոշել է Մախաչկալայում վայրէջք կատարել։ Վայրէջքից հետո այլ տեղեկություն չեմ կարող հայտնել, քանի որ մեր տիրույթում չէ արդեն»,- ասաց Աղաբեկյանը՝ նշելով, որ հաճախ նման խնդիր նկատելու դեպքում որոշում է կայացվում վայրէջք կատարել։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 18:40-ին, Բիզնես-ջեթը տագնապի ազդանշան է տվել Երևանից Մոսկվա թռիչքից մի քանի րոպե անց։