Ռուսաստանը Եվրամիության կաղմից հայ-ադրբեջանական հարաբերությունների «կաարգավորման» փորձերում տեսնում է ՌԴ-ին այդ գործընթացից դուրս բերելու «ջանքերը»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա այսպես է մեկնաբանել Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու հարցը։
«Մենք ելնում ենք նրանից, որ տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների ամբողջական իրագործումն է», – ընդգծել է Զախարովան:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան այդ հարցով կանոնավոր շփումներ է պահպանում ադրբեջանցի և հայ գործընկերների հետ և հույս ունի շարունակել դա անել Աստանայում կայանալիք ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում:
Հիշեցնենք, որ Եվրամիության դեսպաններն այսօր համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում:
Ըստ քառակողմ հայտարարության՝ այն պետք է սկսի աշխատանքը հոկտեմբերին և գործի երկու ամիս: Դիվանագետները չեն բացառում, որ դիտորդների մի մասը Հայաստան կարող է գալ Վրաստանից, որտեղ Եվրամիությունն առաքելություն է տեղակայել 2008-ի սեպտեմբերից՝ ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո։