ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու որոշումը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
Պետքարտուղարությունը հուսադրող է անվանել Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ամերիկյան կողմը ողջունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի քայլերը և կարծում է, որ դա «խթան կհաղորդի Երևանի և Բաքվի միջև համապարփակ խաղաղ գործընթացին»։
«Մենք հատկապես գոհ ենք տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության առաջընթացից: Այս առաքելությունը երկու կողմերի միջև վստահություն ստեղծելու ներուժ ունի և շարունակում է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին»,- ասել է Պատելը:
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։ Հայտարարության համաձայն, Հայաստանը, մասնավորապես, համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին։ Առաքելությունն իր աշխատանքը կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու վստահություն ստեղծել և օգնել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։