Մեկնարկել է «Դիմադրություն» շարժման երթը Ֆրանսիայի հրապարակից։ Երեկ հայտարարվել է, որ երթով շարժվվելու են ԲԴԽ՝ աջակցելու զոհված զինծառայողների ծնողների պահանջին։
Հիշեցնենք նաև, որ «Դիմադրություն» շարժումն արդեն մի քանի շաբաթ է, ինչ 08։00-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։ Պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։
Հավելենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ պատերազմից կարելի էր խուսափել, բայց այսօր իրավիճակը նույնն էր լինելու՝ առանց զոհերի։ Զոհերի հարազատներն այս հայտարարության մեջ հանցագործության տարրեր են տեսել և համապատասխան հաղորդագրություն են ներկայացրել գլխավոր դատախազություն։
Ապրիլի 27-ին Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ստացել՝ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու 2020 թվականի Արցախյան պատերազմի աղետալի հետևանքների պատճառների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով։ Քրեական գործն ավելի ուշ փոխանցվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն։ Մայիսի 7-ին միջնորդություն է ներկայացվել Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննության հրավիրելու մասին։