Հայաստանի խորհրդարանի իշխող բլոկի պատգամավորները և վարչապետը կկանգնեն դատարանի առջև: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Օրենքը, որը պատրաստվում է ստորագրել Արարատ Միրզոյանը 89+1 մարդկանց «Սահմանադրական հեղաշրջում» անելու համար դատելու եզրափակիչ ապացույցն է լինելու։ Անկախ նրանից, թե ապագա իշխանության մեջ ովքեր են լինելու, ԱԺ 89 պատգամավորն ու Նիկոլ Փաշինյանը դատվելու են, այդ թվում՝ կոնկրետ այս մեղադրանքով», – գրել է Մինասյանը ։
Ըստ նախկին դիվանագետի՝ «վայրի գրոհներից» ազատված դատարանը նրանց անպայման դատապարտելու է երկարաժամկետ բանտարկության՝ առանց ներման իրավունքի։ «Սա անհրաժեշտ է, որպեսզի երկիրը նորից պետություն, իսկ մարդիկ՝ քաղաքացի կոչվելու իրավունքը վերականգնեն և բոլորը հասկանան, որ տգետի համառությամբ մայր օրենքի վրա ասպատակողների քիթը տրորվելու է: Այլևս՝ միշտ»,-գրել է նա։
Նա նաև հայտարարել է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծառայում է կառավարության ղեկավարին։ «Պարզ է, որ ի դեմս Արմեն Սարգսյանի՝ գործ ունենք շատ սովորական սպառողի հետ։ Ամենալուրջ մեղադրանքը և ամենամեծ ստորությունն այն է, որ Արմեն Սարգսյանն իր աթոռը կորցնելու վախից բառի բուն իմաստով ծառայում է Նիկոլ Փաշինյանին», – հայտարարել է նախկին դեսպանը ։
Նշենք, որ խորհրդարանը հունիսի 22-ին իշխող մեծամասնության ձայներով ընդունել է ՀՀ Սահմանադրության մեջ, ինչպես նաև ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը: Հունիսի 30-ին խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց նաև «Սահմանադրական դատարանի մասին» և «Պաշտոնատար անձանց համար գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը: Վերջին փաթեթը մասնավորապես նախատեսում է ՍԴ դատավորների թափուր պաշտոններում թեկնածուների առաջադրման կարգը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը: Միաժամանակ նա խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ չի ստորագրի «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում կատարված փոփոխությունների փաթեթը: