ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ նիստին քննարկվել են Հայաստանում ստեղծված համաճարակաբանական իրավիճակը, խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ներքաղաքական մի շարք զարգացումներ։
«Վերհանվել են վերջին սահմանադրական փոփոխությունների և իշխանության բռնատիրման նոր փուլի արդյունքում երկրի ներքին և արտաքին սպառնալիքները»,- նշված է հայտարարությունում:
Գործադիր մարմինն անդրադարձել է կուսակցության գալիք ծրագրերին, ներառյալ միջազգային համագործակցության ասպարեզում։
«Նախանշվել են արտակարգ դրության ռեժիմի վերացման դեպքում Հանրապետականի գործունեության հիմնական ուղղությունները եւ գերակայությունները, շոշափվել է այլ հասարակական և քաղաքական ուժերի հետ ընդհանրական քաղաքական օրակարգի դեպքում հնարավոր փոխգործակցության հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։