Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, նախկին դիվանագետ Հրաչյա Թաշչյանը 2018-2019 թվականներին գաղտնի գրագրության մեջ է գտնվել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ, գրել է «Հրապարակը»։
Պարբերականի փոխանցմամբ՝ նա 2020 թվականի հուլիսի 9-ին նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ՝ 3 տարի ժամկետով, իսկ 1,5 տարի անց՝ 2021 թվականի դեկտեմբերին, Փաշինյանը նրան ազատել էր, երբ արտահոսքեր կային այդ բանակցությունների մասին։
Մինչ Փաշինյանի օգնական նշանակվելը՝ Թաշչյանը պաշտոններ էր զբաղեցրել ՀՀ ԱԳՆ-ում՝ ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ, ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ: Թաշչյանը ՀՀ արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան ունի:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի հրաժարականից հետո Փաշինյանը մարտի 12-ին հաստատել էր, որ անձամբ է պահանջել նրա հրաժարականը, երբ տեղեկացել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարի 10-ի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ տնօրենը Վենսին Հայոց ցեղասպանության և Արցախի հարցի մասին գրքեր է նվիրել։




























