Վրաստանում ընդդիմադիր Batumelebi և Netgazeti լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։ Ինչպես հաղորդում է NewsGeorgia-ն, նա այդ ժամկետից ավելի քան մեկ քառորդն արդեն անցկացրել է կալանավայրում։
Սկզբում Ամաղլոբելիին մեղադրում էին ոստիկանին հարվածելու մեջ՝ նրան սպառնում էր 4-7 տարվա ազատազրկում։ Պատճառը ակցիայի ժամանակ Բաթումի ոստիկանապետի այտին հարվածելու միջադեպն էր։ Սակայն դատավոր Նինո Սախելաշվիլին մեղադրանքը վերաորակավորեց որպես «իշխանության ներկայացուցչի նկատմամբ դիմադրություն կամ բռնություն», որը համեմատաբար մեղմ է։ Նրա կողմնակիցները հույս ունեին արդարացման կամ գոնե տուգանքի։
Դատական նիստի ընթացքում դատարանի շենքի մոտ անցկացվում էր ակցիա՝ «Ազատություն Մզիային» կոչով։ Գործընթացը ուղեկցվել է լրագրողի բազմակի տեղափոխություններով՝ մոտ 400 կմ ճանապարհով Ռուստավիից Բաթում, ինչը, պաշտպանների խոսքով, վատ ազդեցություն է ունեցել նրա առողջության վրա։ 38 օր շարունակ հացադուլի պատճառով Ամաղլոբելու տեսողությունը զգալիորեն վատացել է։
Նրան ձերբակալել էին հունվարին՝ Բաթումում ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեի հետ վիճաբանելու, նրա բաճկոնից քաշելու և դեմքին հարվածելու համար։ Ձերբակալությունից հետո Ամաղլոբելին ենթարկվել է սպառնալիքների և վիրավորանքների, իսկ պաշտպանների տվյալներով՝ բաժանմունքում ոստիկանը թքել է նրա դեմքին։ Նա բողոք է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, սակայն այդ գործով քննությունը արդյունք չի տվել։
Ըստ NewsGeorgia-ի՝ ընդդիմադիրները և իրավապաշտպանները Մզիա Ամաղլոբելիին համարում են Վրաստանի ժամանակակից պատմության առաջին կին քաղբանտարկյալը։