ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կնոջ՝ Լաուրա Եփրեմյանի դատական վեճը հաշտությամբ է ավարտվել։ Սակայն այդ հաշտությունն ավելի շատ հօգուտ տիկնոջ է, հայտնում է «Հետք»-ը:
Լաուրա Եփրեմյանին 2010թ. 50 տարի ժամկետով ժամանակավոր օգտագործման է հանձնվել «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության 9,42 հա մակերեսով անտառային տարածքը՝ անտառվերականգնման աշխատանքների իրականացման նպատակով:
Խոսքը Խաչատրյանների կառուցած առանձնատան հարակից անտառներնի մասին է, հավելել է լրատվամիջոցը՝ նաև հիշեցնելով, որ Խաչատրյանները պարսպապատել էին ողջ վարձակալած անտառային տարածքը բետոնե հիմքով՝ առանց թույլտվության։ «Հայանտառ»-ը դիմել էր դատարան և հայտնել, որ վարձակալը՝ իր նախաձեռնությամբ, առանց որևէ թույլտվության կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի նպատակային նշանակությունը փոխելու, իրականացրել էր կառուցապատման աշխատանքներ` քարե պարիսպ է կառուցել, որով «Հայանտառին» հասցրել է վնասներ: Պետական ոչ առևտրային կազմակերպությունը պահանջում էր վաղաժամկետ լուծել անտառային հողերի վարձակալության պայմանագիրը և հատուցել պատճառված վնասը: Պայմանագրային խախտմամբ անտառային հողն օգտագործելու հետևանքով պատճառված վնասը գնահատվել էր շուրջ 928 հազար դրամ, որի բռնագանձումն էր պահանջում ՊՈԱԿ-ը, նաև ուզում էր լուծել Լաուրա Եփրեմյանի հետ 2010 թվականին կնքած պայմանագիրը։
Հուլիսի 16-ին դատավոր Երեմ Եսոյանը վավերացրել է նրանց հաշտության համաձայնագիրը, որով կողմերը համաձայնել են փոփոխել պայմանագրի որոշ կետեր։ Մասնավորապես, 2025թ․ օգոստոսի 1-ից Լաուրա Եփրեմյանի վարձակալած անտառի վարձավճարի չափը տարեկան կկազմի 11 մլն 330 հազար դրամ։ Վարձակալ Եփրեմյանը 2010 թվականից վճարել է տարեկան 471 հազար դրամ, գրել է կայքը:
Սակայն դատական վեճի կարևոր կետը պարիսպն էր, որի ապօրինի կառուցումը և պատճառված վնասի չափը որոշվում և վիճարկվում էր դատարանում։ Հաշտության համաձայնագրով սահմանվել է, որ վարձակալ Եփրեմյանը մինչև պայմանագրի լուծումն օգտագործելու է պարիսպը, և պարտավորվում է պայմանագրի լուծումից հետո վարձակալած տարածքը երկշաբաթյա ժամկետում հանձնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին՝ ամբողջությամբ ապամոնտաժելով բետոնե հիմքով կառուցված պարիսպը, տարածքից հեռացնել շինարարական աղբը, վերացնել կառույցի հետքերը, վերականգնել բետոնե պարսպի կառուցապատման մակերեսով անտառային հողը և այն բերել նախկին տեսքին և ամբողջությամբ վճարել տվյալ պահին պայմանագրով առկա ողջ պարտավորությունները։
Այսինքն՝ 2060 թվականին Լաուրա Եփրեմյանը պետք է հանձնի տարածքը և քանդի պարիսպը։
Կնքված հաշտության համաձայնագրում պատճառված վնասի հատուցման մասին ոչ մի խոսք չկա։ Ավելին, Լաուրա Եփրեմյանը կշարունակի օգտագործել ապօրինի կերպով կառուցած պարիսպը մինչ պայմանագրի ավարտի ժամկետը։ Պայմանագիրը կերկարացնեն, թե իրապես տարածքը կազատագրեն բետոնյա պարսպից 2060 թվականին, հայտնի կդառնա հաջորդ սերունդներին։