«Սրբազան պայքար» շարժման գործով կալանավորված, առողջական խնդիրներ ունեցող Աղվան Արշակյանի վիճակը վատթարացել է, հայտարարել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Նա տեղեկացրել է, որ դատավոր Գնել Գասպարյանը պարտավորեցրել էր Արշակյանի գործով նախաքննություն իրականացնող մարմնին անհապաղ նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու Արշակյանի հիվանդության համատեղելիությունը կալանքի հետ:
«Նախաքննություն իրականացնող մարմինը չի կատարել դատարանի պահանջը և միայն մեր միջնորդությունից հետո` կալանքի վերցնելուց 25 օր անց է նշանակել փորձաքննություն, որը մինչև այժմ չի էլ իրականացվել: Այս ամբողջ ընթացքում վատթարացել է նրա առողջական վիճակը, ինչի մասին վկայող՝ Քննչական կոմիտեի կողմից վարվող ամբուլատոր քարտի քաղվածքը ներկայացվել է դատարանին»,- ընդգծել է փաստաբանը։
Հարությունյանը հավելել է, որ Արշակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու/փոխելու միջնորդությունը մակագրվել է նրան կալանավորած դատավոր Գասպարյանին:
Հուլիսի 25-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ Արշակյանը ծանր հիվանդություն ունի, բարդ վիրահատությունից հետո քիմիաթերապիայի կուրսեր է անցել և 3 ամիսը մեկ պարտադիր պետք է անցնի հետազոտություններ։
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը և նրա 14 աջակից հունիսի 26-ին կալանավորվել էին ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մեղադրանքով: Նրանք մեղքը չեն ընդունում: