«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը և նրա ընտանիքը հաղթել են Հայաստանի կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը ՀԷՑ ընկերության պետականացման հարցով, հայտնում է Կարապետյանի պաշտպանության խորհուրդը:
Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի և Կիպրոսի կառավարությունների միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։ Նշվում է, որ գործի քննությանը մասնակցել է նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչը։
2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը ՀՀ-ին պարտավորեցրել էր ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի նկատմամբ հուլիսի 3-ին ընդունված «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։
«Արբիտրաժը եկել է այն եզրահանգման, որ անհրաժեշտ է կիրառել ապահովման անհետաձգելի միջոցներ, քանզի ՀՀ գործողությունները «Հայաստանի և Կիպրոսի միջև գործող փոխադարձ ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագրին համապատասխանելու լուրջ կասկածներ են առաջացնում»։ Արբիտրաժը նաև նշել է, որ «ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար է լինելու ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե նրանք կորցնեն ընկերության նկատմամբ վերահսկողությունը, կամ, ինչն ավելի վատ է՝ դադարեն լինել դրա սեփականատերը»»,- նշված է հաղորդագրության մեջ:
Արտակարգ արբիտրաժի որոշումը ՀՀ կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։
«Տաշիր» ընկերությունների փոխնախագահ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ մանրամասնել է, որ դատարանը կառավարությանն արգելել է բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվներ, փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը, հետ վերցնել ընկերության գործունեության լիցենզիաները և որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը:
«Այս վճիռը ցույց է տալիս, որ աշխարհում արդարությունը գործում է, և այն չի իրականացվում Facebook-ով, ինչպես այսօր Հայաստանում», – գրել է նա։
Եկեղեցուն աջակցելու վերաբերյալ հայտարարած գործարար Կարապետյանի կալանավորումից հետո իշխանությունը հայտնել էր ՀԷՑ-ի պետականացման գործընթաց սկսելու մասին: Կարապետյանի ընտանիքը ՀՀ պետական մարմիններին պաշտոնապես ծանուցել էր ներդրումային վեճ սկսելու մասին:
Հայաստանի խորհրդարանը հուլիսի 3-ին ընդունել էր մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող ՀԷՑ-ը պետության վերահսկողության տակ վերցնելուն։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել էր ընկերության պետականացմանը միտված օրենքները։
Կարդացեք նաև՝