Մոսկվայում ապօրինի միգրացիայով զբաղվող ադրբեջանական հանցավոր խումբ է ձերբակալվել, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Ըստ գործակալության՝ հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալվել է 34-62 տարեկան ադրբեջանական ծագում ունեցող չորս ռուսաստանցի: Դատարանը բոլոր ձերբակալվածներին մեղավոր է ճանաչել ՌԴ-ում օտարերկրացիների անօրինական գտնվելու կազմակերպման հոդվածով և պատիժ է նշանակել 2-5 տարվա ազատազրկում:
Նշվում է, որ հանցագործները կազմակերպել են միգրանտների անօրինական օրինականացման սխեմա՝ կեղծ միգրացիոն քարտեր պատրաստելով և աշխատանքի համար կեղծ արտոնագրեր ձևակերպելով, ինչն օտարերկրացիներին թույլ է տվել Ռուսաստանում մնալ մինչև 90 օր:
Նախնական տվյալներով՝ խումբը հասցրել է այդ կերպ «օրինականացնել» ավելի քան 1000 միգրանտի կացություն՝ ստանալով ավելի քան 2 մլն ռուբլի եկամուտ:
2025 թվականից Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները կտրուկ սրվել էին։ Առիթը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Azerbaijan Airlines-ի ուղևորատար ինքնաթիռի կործանումն էր, որն Ադրբեջանը կապում է ռուսական ՀՕՊ համակարգի գործողությունների հետ և պահանջում է ընդունել մեղքը։
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները վատթարացել էին նաև ուժային գերատեսչությունների փոխադարձ գործողությունների ֆոնին։ ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել Եկատերինբուրգում հարձակման ժամանակ ձերբակալված 6 ադրբեջանցիներից 5-ին: Ադրբեջանական դատարանը կալանավորել էր ՌԴ 8 քաղաքացու։ Հուլիսի 11-ին Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացիների զանգվածային ձերբակալություններ էին տեղի ունեցել։
Երկու կողմերը հետ էին կանչել դեսպաններին, չեղարկել մշակութային և խորհրդարանական միջոցառումները, ինչպես նաև հղել դիվանագիտական բողոքի նոտաներ: