Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին գաղտնալսող սարքը տեղադրված էր սրբազանի կեցավայրում գտնվող սուրճի ապարատի մեջ, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով ԱԱԾ-ում իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Գալստանյանի մերձավորներից մեկն անցյալ տարի այն տարել է արհեստանոց վերանորոգման՝ նախապես հեռախոսով պայմանավորվելով նորոգման մասին։
ԱԱԾ-ն գաղտնալսել է հեռաախոսն ու այդ արհեստանոցում սուրճի ապարատի մեջ սարք է տեղադրել, որն օրեր շարունակ գաղտնալսելու և ձայնագրելու հնարավորություն է ստեղծել ծառայության համար։
«Ժուչոկի» անխափան աշխատանքի համար հոսանքի մշտական մատակարարում է անհրաժեշտ, իսկ քանի որ սուրճի ապարատը մշտապես միացված է հոսանքին, լավագույն ձևն էր տևական ժամանակ գաղտնալսել տարածքը, պարզաբանել է լրատվականը։
Իրավապահ մարմինները հունիսի 25-ի և 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Գալստանյանին ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման 14 աջակցի։ Գալստանյանը և «Սրբազան պայքարի» աջակիցները մեղադրվում են պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։ Նրանցից ոչ ոք չի ընդունում մեղադրանքը: