«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նա մանրամասնել է, որ Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը: Նշվում է, որ Օհանյանը հրաժարվել է ցուցմունք տալ։
Նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, առավելագույն պատիժը՝ 8 տարվա ազատազրկում), 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը, առավելագույն պատիժը՝ 12 տարվա ազատազրկում), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը, առավելագույն պատիժը՝ 12 տարվա ազատազրկում ) և 444-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը, առավելագույն պատիժը՝ 6 տարվա ազատազրկում)։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 9-ին դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդել, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել «Հայաստան» խմբակցության ղեկավարի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ։ Հուլիսի 7-ին ԱԺ-ն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել էր Օհանյանին և Մինասյանին։