Վրաստանում կալանավորվել է հայտնի գործարար Գիորգի Ռամիշվիլին, նա մի շարք խոշոր ընկերությունների, այդ թվում՝ Silk Road Group, Silknet և Euronews Georgia-ի հիմնադիրն ու սեփականատերն է, հայտնում է Ekhokavkaza-ն:
Ներքին գործների նախարարության տվյալներով՝ Ռամիշվիլին կալանավորվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի հիման վրա (ապօրինի զենք ձեռք բերել, պահել կամ կրել)։ Այս հոդվածով սահմանվում է պատիժ՝ մինչև երկու տարվա ազատազրկում, տուգանք կամ վեց ամսից մինչև երկու տարի տնային կալանք։ Ոստիկանությունը, սակայն, չի հստակեցրել՝ որտե՞ղ և ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել բիզնեսմենի ձերբակալությունը։
Լրատվամիջոցը հիշեցրել է, որ 2024թ. նոյեմբերի 30-ին՝ հակակառավարական ցույցերի մեկնարկից երկու օր անց, Silknet և Silk Road Group ընկերությունները հանդես էին եկել հայտարարությամբ՝ աջակցելով Վրաստանի եվրոպական ինտեգրման ուղուն։
2020 թվականից սկսած՝ Euronews Georgia հեռուստաալիքն սկսել էր հեռարձակվել Վրաստանում Silknet-ի հետ համագործակցությամբ։
Նա նաև նախապես ծրագրել էր Trump Tower երկնաքերի կառուցումը Բաթումում: Նախագիծը ներկայացվել էր 2012-ին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պաշտոնավարման ընթացքում, սակայն հետո սառեցվել էր: Գործարքը չեղարկվել էր 2016-ին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո։