«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դիտմամբ են նույն բանտախուցը նստեցրել, որ իրար հետ խոսեն, գաղտնալսեն, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Ըստ նրա՝ իրավապահներն ունեն նրանց գաղտնալսումները, և երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-ից մեկնարկել էր իր արշավը, սկսել էին եկեղեցականներին հակաբարոյական քայլերի մեջ մեղադրել, դրանից հետո Բագրատ սրբազանի գործը փորձել են կապակցել եկեղեցու գործի հետ, իսկ ապա՝ Միքայել սրբազանինը՝ Բագրատ արքեպիսկոպոսի գործին։
Նա հայտարարել է, որ արհեստականորեն փորձ է արվում Աջապահյանի գործը կապել Գալստանյանի քաղաքական գործունեությանը։
«Իհարկե, Միքայել սրբազանը Բագրատ սրբազանին համարում է եղբայր, բայց դա չի նշանակում, որ Միքայել սրբազանը Բագրատ սրբազանի քաղաքական գործունեության մեջ բաժին ունի»,- նշել է Զոհրաբյանը։
Հունիսի 25-ին իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործի շրջանակում 2 ամսով կալանավորվել էր մեկ տասնյակից ավելի մարդ, այդ թվում՝ Գալստանյանը։
Հունիսի 27-ին ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ էին իրականացրել Շիրակի թեմի առաջնորդարանում և Գարեգին Բ-ի նստավայրում։ Ուժայինները երկու ժամ ժամանակ էին տվել Աջապահյանին, որպեսզի ինքնակամ ներկայանա իրենց մոտ, հակառակ դեպքում՝ նրանք սպառնացել էին վերադառնալ և ուժային գրոհ սկսել Վեհարանի վրա։
Աջապահյանը համաձայնել էր ներկայանալ իրավապահ մարմիններ և ապացուցել իր նկատմամբ հարուցված գործի անօրինականությունը։ ՔԿ-ում քննչական գործողություններ իրականացնելու ընթացքում Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանն արքեպիսկոպոսի գրավոր հայտարարությունն էր հրապարակել, որով խնդրել էր իրեն վարչապետի թեկնածու չդիտարկել։ Զոհրաբյանը նաև հայտնել էր, որ արքեպիսկոպոսը բերման է ենթարկվել իշխանության զավթման գործով։ Հունիսի 28-ին Աջապահյանը 2 ամսով կալանավորվել էր։