Վրաստանում վերջին շաբաթվա ընթացքում չորրորդ ընդդիմադիր քաղաքական գործիչն է ձերբակալվել՝ խորհրդարանական հանձնաժողովի հետ չհամագործակցելու համար, Արևմուտքը դա որակել է «հարձակում ժողովրդավարության վրա», հայտնում է Deutsche Welle-ն:
Թբիլիսիի դատարանը հունիսի 23-ին երեք ընդդիմադիր առաջնորդի մեղավոր էր ճանաչել ժամանակավոր խորհրդարանական քննիչ հանձնաժողովի պահանջները չկատարելու համար։ Նրանք են՝ «Լելո-Հզոր Վրաստան» կուսակցության հիմնադիրներ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն, ինչպես նաև «Գիրչի» կուսակցության հիմնադիր Զուրաբ Չափարիձեն, որոնց դատապարտել են համապատասխանաբար 8 և 7 ամսվա ազատազրկման։
Հունիսի 24-ին ընդդիմադիր «Աղմաշենեբելիի ռազմավարություն» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն դատապարտվել էր 7 ամսվա ազատազրկման: Բոլոր գործիչներին արգելվել է երկու տարով զբաղեցնել պետական պաշտոններ։
Վաշաձեն, որը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման տարիներին պատասխանատու էր երկրում իրականացվող մի շարք բարեփոխումների համար, ձերբակալվել էր կուսակցության գրասենյակում՝ նախքան դատավճռի հրապարակումը։
Ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը, որն ուսումնասիրում է «Ազգային միացյալ շարժման» իշխանության տարիներին տեղի ունեցած հնարավոր իրավախախտումները, մեկ ամսով երկարաձգել է իր լիազորությունների ժամկետը։ Վերջինիս հետ չհամագործակցելու պատճառով, ընդհանուր առմամբ, արդեն 7 ընդդիմադիր առաջնորդ է ձերբակալվել։
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը դատապարատել է այս ձերբակալությունների շարքը՝ պնդելով, որ դրանք խաթարում են երկրի ժողովրդավարության հիմքերը: Եվրոպական լիբերալների և դեմոկրատների դաշինքը, իր հերթին, շեշտել է, որ սա «վերջնական սահմանն է», և որ սրանք «քաղաքական ռեպրեսիաներ» են: Ֆրանսիայի Եվրոպական հարցերի նախարար Բենժամին Հադդադը հավելել է, որ «ընդդիմության դեմ ճնշումները Վրաստանում անընդունելի են»։
«Ֆրանսիան դատապարտում է «Վրացական երազանքի» ավտորիտար շրջադարձը՝ 2024 թվականի անազատ և անարդար ընտրություններից հետո»,- նշել է նա։