Հակակոռուպցիոն դատարանը մեղավոր է ճանաչել Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Միաժամանակ նշվում է, որ Սարգսյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։
Նրան մեղադրանք էր ներկայացվել Սիսիանի համայնքապետարանի միջոցներով համայնքի կարիքների համար իրականացված գնման գործընթացքում այլ անձանց հետ հանցակցությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար (18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, առավելագույն պատիժը՝ 4 տարվա ազատազրկում), 314-րդ հոդվածի 1-ին մաս (պաշտոնեական կեղծիքը, առավելագույն օատիժը՝ 3 տարվա ազատազրկում), որի արդյունքում Սիսիան համայնքին պատճառվել էր 3 միլիոն 631 հազար դրամի գույքային վնաս:
Սարգսյանի հետ հանցակցությամբ նույնաբնույթ արարքներ կատարած 6 անձ (այդ թվում՝ պաշտոնատար) դատարանի վճռով ևս մեղավոր է ճանաչվել: