Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը մեկնաբանել է իր պաշտպանյալի գործով մեղադրական եզրակացությունը, և Բաքվին մեղադրել է քրեական իրավունքի հիմնարար սկզբունքները խախտելու մեջ։
Նա հիշեցրել է, որ անձը կարող է պատասխանատվություն կրել միայն այն գործողությունների համար, որոնք նա իրականում կատարել է։ Միևնույն ժամանակ, այդ գործողությունները պետք է որակվեն խստորեն՝ դրանց կատարման պահին գործող օրենքի համաձայն։
Բերմանը պնդել է, որ մեղադրական կողմը հաշվի չի առնում քրեական իրավունքի այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են մեղադրյալի գործողությունների և առաջացած հետևանքների միջև ուղղակի պատճառահետևանքային կապ հաստատելու պահանջը, ինչպես նաև յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հանցագործության սուբյեկտիվ կողմն ապացուցելու անհրաժեշտությունը։
Փաստաբանը նշել է, որ nullum crimen սկզբունքի՝ nulla poena sine lege (ոչ մի հանցագործություն, ոչ մի պատիժ առանց օրենքի) համաձայն, բարեգործական և մարդասիրական գործունեությունը, այդ թվում՝ մշակութային ժառանգության վայրերի վերականգնումը և բնակչությանը սոցիալական օգնության տրամադրումը, չեն կարող որակվել որպես անօրինական՝ առանց օրենքով սահմանված խախտումների և ապացուցված հանցավոր մտադրության։
«Օրինական հասարակական գործունեությունը որպես հանցավոր ներկայացնելու փորձերը հակասում են իրավունքի գերակայության հիմունքներին»,- ասել է Բերմանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ քրեական պատասխանատվություն կարող է առաջանալ միայն անհատական պատասխանատվության սկզբունքի խիստ պահպանման, գործողությունների դասակարգման՝ իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան, միջազգային պարտավորությունները հաշվի առնելով և դատավարական երաշխիքների պահպանմամբ։ Այս սկզբունքներից որևէ մեկը չկատարելը կասկածի տակ է դնում քրեական հետապնդման և դատավարության օրինականությունը, հավելել է նա։
Վարդանյանի փաստաբանը կարծում է, որ եթե Ադրբեջանը ցուցաբերի հավատարմություն արդարադատության միջազգային չափանիշներին, երկիրը պատմության մեջ կմտնի որպես պետություն, որը լիովին ապահովել է այս քրեական գործի արդար քննությունը և իրավական սկզբունքների խիստ պահպանումը։
«Սա կնպաստի ազգային դատական համակարգի նկատմամբ վստահության ամրապնդմանը և պետության միջազգային պարտավորությունների կատարմանը»,- եզրափակել է Բերմանը։
2022 թվականին Վարդանյանը տեղափոխվել էր Արցախ և նույն թվականի նոյեմբերին դարձել Արցախի պետնախարար, սակայն 2023 թվականի փետրվարի վերջին թողել էր պաշտոնը։ 2023-ի սեպտեմբերի 27-ին՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո, Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը գործարարին ձերբակալել էր Հայաստանի հետ սահմանը հատելու փորձի ժամանակ։ Այժմ նա գտնվում է Բաքվի բանտում։