Իրավապահները Երևանում երեխայի առևանգման գործով երեք անձի են ձերբակալել, այդ թվում՝ երեխայի մորը, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ հունիսի 3-ին՝ ժամը 12։33-ին, ոստիկանություն զանգահարած տղամարդը հայտնել էր երեխայի առևանգման մասին։
«Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացուն Կոմիտասի պողոտայում վազելով մոտեցել էին դիմակավորված անձինք և փախցրել նրա դստերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Իրավապահները վարկած են առաջ քաշել, ըստ որի՝ աղջնակին փախցրել է նրա կենսաբանական մայրն իր ներկայիս ամուսնու և երկու այլ անձի հետ:
Նույն օրը՝ ժամը 17։10-ին, ոստիկանները Բագրատաշենի սահմանային անցակետում ձերբակալել են երեխայի մորը, նրա ներկայիս ամուսնուն և օտարերկրացու: Առևանգված աղջնակը նրանց հետ էր: