Իրավապահները պարզել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանի 2 պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպքի մանրամասները, տեղեկանում ենք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Կոմիտեից հայտնել են, որ պաշտոնյաները Շենգավիթի ղեկավարի աշխատակազմից են, զբաղեցրել են առաջատար մասնագետների պաշտոններ։
«Տեղյակ լինելով Երևանում գործող զվարճանքի կենտրոնի՝ գիշերային ժամերին աշխատելու թույլտվության բացակայության ու 1 մլն դրամի չափով տեղական տուրքը վճարած չլինելու մասին, նրանք հիշյալ կենտրոնի ներկայացուցչի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության համար կաշառք են պահանջել»,- մանրամասնել են կոմիտեից:
Նշվում է, որ պաշտոնատար անձինք որևէ միջոց չեն ձեռնարկել իրավախախտումն արձանագրելու նպատակով, և օրենքով սահմանված համապատասխան վճարումները կատարած չլինելու պայմաններում՝ 1 տարվա ընթացքում զվարճանքի կենտրոնի գործունեությանը չխոչընդոտելու համար ապրիլի 15-ին կենտրոնի ներկայացուցչից պահանջել են 600 000 դրամ կաշառք։
Ապրիլի 19-ին իրականացված «կաշառք ստանալու և կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության արդյունքում պաշտոնատար այս անձանցից մեկը 600 000 դրամ կաշառքը ստանալու պահին բռնվել և ձերբակալվել է, հավելել են կոմիտեից։
Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ մինչև 10 տարի ժամկետով):
Ապրիլի 20-ին կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ քննչական գործողությունների արդյունքում ձերբակալություններ են կատարվել Շենգավիթի թաղապետարանում։ Ապրիլի 23-ին Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին փոխանցել էին, որ Շենգավիթի թաղապետարանում կաշառքի գործով ձերբակալված աշխատակիցներից մեկը կալանավորվել է, մյուս ձերբակալվածի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք։